Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ու Վրաստանի Նախագահ Գրիգոր Մարգվելաշվիլին ժողովրդական պաշտպանին կից կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամների հանդիպման շրջանակում քննարկել են Վրաստանի հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, մանրամասնել հայկական եկեղեցիների վերադարձի եւ կարգավիճակի հարցերը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ Սրբազանը Վրաստանի Նախագահին է ներկայացրել հայկական եկեղեցիների վերադարձի հարցը' շեշտելով, որ դրանք վիճելի չեն եւ պետք է գործեն թեմի իրավասության ներքո:

 

«Նախագահն ասել է, որ ծանոթ է խնդրին, եւ շեշտել, որ ըմբռնումով է մոտենում խնդրին եւ ծագած հարցերը պետք է կարգավորվեն»,- ասաց Խաչատրյանը' հավելելով, որ այս պահին թեմը հայկական եկեղեցիների վերջնական ցանկն է կազմում ոչ միայն Թբիլիսիում, այլեւ Վրաստանի այլ նահանգներում, որպեսզի կարգավիճակի եւ վերադարձի հարցերն ավելի ամուր հիմքի վրա դրվեն:

 

Բացի եկեղեցիների կարգավիճակի հարցից, Վիրահայոց թեմի առաջնորդը կարեւորել է, որպեսզի Ջավախքի եւ Ծալկայի տարածաշրջաններում մեծ թափ ստանա վրացերենի ուսուցումը, որպեսզի տեղի հայ համայնքն ինտեգրման ավելի լայն հնարավորություններ ստանա:

 

Սրբազանը շեշտել է նաեւ, որ հունվարին Վրաստանի կառավարության որոշմամբ երկրի չորս կրոնական համայնքների պետք է փոխհատուցման գումար հատկացվեր, սակայն մինչ օրս գումարի փոխանցման հարցը ձգձգվում է:

 

«Մարգվելաշվիլին տեղեկատվությունն ընդունել է ի գիտություն' խոստանալով պարզել ձգձգման պատճառները»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը: