Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

 

«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին:

 

Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում:

 

Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ դժգոհությունների ողջ ծավալին: Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով' որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության ուժեղացումը:

 

Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովդրական պայքարին:

 

Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի:

 

Մենք կարևորում ենք նաև հզոր զանգավածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են, և որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ: Համաժողովրդական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել»:

 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրատվամիջոցների առջև հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում կկայանա քաղաքացիական ժողով և կհանդիպի ժողովրդի հետ:

 

Նա նաև հայտարարել է, որ հրապարակի առջև կա հարթակ, որտեղ դեռևս միասնություն չկա և չկա ամբողջական օրակարգ: Նա կարևորել է եռյակի գործունեությունը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է միասնական ճանապարհային քարտեզ մշակելը և նոյեմբերի ընթացքում ժողովրդի առջև միասնական հայտարարությամբ հանդես գալու հարցը: