Հայաստանում Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության դեսպանները դատապարտում են ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցումն ու Ադրբեջանին մարդասիրության կոչ անում' շեշտելով, որ սահմանին եւ դեպքի վայրում պետք է հաստատվի խաղաղություն: «Այն, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, սարսափելի իրադարձություն է, ողբերգություն: Մենք ցավակցում են զոհված երեք օդաչուների ընտանիքների ա նդամներին, հարազատներին եւ ընկերներին: Սա մեծ ողբերգություն է, եւ Մեծ Բրիտանիան միանում է այն բոլոր հայտարարություններին, որ արվել են նախապես միջազգային կառույցների կողմից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը:

 

«Այս ողբերգությունը հերթական անգամ փաստեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումն այլ տարբերակ չունի, քան խաղաղ բանակցությունների ու երկխոսության ճանապարհը: Այս առումով Գերմանիան հերթական անգամ իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին' փաստելով, որ կարգավորումը պետք է կայանա այդ կառույցի շրջանակներում»,- ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

 

«Արմենպրես»-ի հարցին' «Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան, միջազգային մի շարք կառույցների անդամ են. արդյոք մտահոգիչ չէ, որ ԵԽ եւ ԵԱՀԿ անդամ պետությունը ոչ մարդասիրական սկզբունքներով է հանդես գալիս»,- Գերմանիայի դեսպանն ասաց, որ ութ օր շարունակ թույլ չտալ, որպեսզի զոհվածների դիակները տեղափոխվեն, ոչ մարդասիրական քայլ է եւ անշուշտ նման դեպքերում պետք է ցուցաբերել հումանիզմ, քանի որ մարդկային կյանքն ամենամեծ կորուստն է: «Մենք կոչ ենք անում ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների հիման վրա ԵԱՀԿ երեք սկզբունքների կիրառմամբ եւ պահպանել անվտանգություն տարածաշրջանում»,- ասաց Քեթի Լիչը:

 

Սկսած նոյեմբերի 12-ից միջազգային գրեթե բոլոր կառույցներն ու դեսպանները Ադրբեջանին մի քանի անգամ խաղաղության եւ մարդասիրության կոչ են արել: Խաղաղության կոչով է հանդես եկել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե որն է լինելու հայկական Զինված ուժերի պատասխանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ուղղությամբ: Սակայն տասը օրվա ընթացքում հարեւան երկրում չհասկացան ոչ դիվանագիտական լեզուն, ոչ մարդասիրական կոչերը եւ նոյեմբերի 22-ի գիշերը ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին օպերացիա, որի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

 

Արցախի ռազմօդուժի ուղղաթիռը խոցվել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12­ին' ժամը 13.45­ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Հակառակորդը մի քանի օր շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ' չանսալով միջազգային հանրության կոչերին' դադարեցնել կրակը' մարմինների դուրսբերման հնարավորություն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենա նտ Սարգիս Նազարյանը:



ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ