Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորների կողմից քննարկվելիք գլխավոր թեմաների թվում են Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելը եւ Պաղեստինի Պետության ճանաչումը: Խորհրդարանականների առջեւ ելույթ կունենա նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու առաջարկը քննարկվել Է նոյեմբերի 24-ին: ԵԽ-ն լիազորություններ չունի պաշտոնանկ անելու եվրակոմիսարներից որեւէ մեկին կամ միայն ԵՀ-ի նախագահին: Ուստի հարվածի տակ է հայտնվել 28 անդամից բաղկացած ամբողջ թիմը, ըստ էության, եվրոպական կառավարությունը, որն աշխատանքի է ձեռնամուխ եղել նոյեմբերի 1-ին, թեեւ ժողովրդական ընտրյալների պահանջները գլխավորապես հասցեագրված են ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:
Նոյեմբերի սկզբին Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը հայտարարել է, որ Լյուքսեմբուրգը գաղտնի համաձայնագրեր է կնքել 340 խոշորագույն կորպորացիաների հետ՝ նրանց հնարավորություն ընձեռելով ավելի քիչ հարկեր վճարել միջազգային եւ ազգային օրենսդրության մեջ առկա խնդիրների շնորհիվ:
Յունկերը, որը 1995-ից մինչեւ 2013 թվականը զբաղեցնում էր Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը, եւ դրան զուգահեռ 1989-ից մինչեւ 2009 թվականը ղեկավարում էր Մեծ դքսության ֆինանսների նախարարությունը, հերքել է մեղսակցությունը հարկային մեքենայությունների հետ կապված սկանդալին, որն ստացել է «ԼյուքսԼիքս» անվանումը: «Ամեն ինչ արվել է Լյուքսեմբուրգի ազգային օրենսդրական նորմերին եւ այդ բնագավառում միջազգային նորմերին համապատասխան»,- հավաստիացրել է նա:
Նույն օրը Եվրախորհրդարանում ելույթ կունենա ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Քննարկումը նվիրված կլինի Պաղեստինի Պետության ճանաչման հարցին: Հինգշաբթի օրը կատարման համար ոչ պարտադիր համապատասխան բանաձեւը կդրվի խորհրդարանականների քվեարկությանը: Նախաձեռնության հեղինակները՝ ձախ խմբակցությունները, առաջարկել են ճանաչել Պաղեստինը «1967 թվականի սահմաններով Երուսաղեմ մայրաքաղաքով», սակայն առայժմ դժվար է ասել, թե կպահպանվի արդյոք այդ ձեւակերպումը փաստաթղթի ամփոփիչ հ ամատեղ նախագծում:
«Ես ուրախ կլինեմ, եթե իմ մանդատի ընթացքում Պաղեստինյան Պետությունն սկսի իր գոյությունը»,- հայտարարել է Մոգերինին ավելի վաղ Եվրոպայի հինգ օրաթերթերի տված հարցազրույցում:
Եվրախորհրդարանի ընթացիկ նստաշրջանը կավարտվի նոյեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: