Հայաստանում վերջին 12 տարում մոտ երեք անգամ հաջողվել է ավելացնել սև անգղերի քանակությունը՝ ներկա պահին մասնագետներին հաջողվել է գրանցել թռչնի մոտ 11 զույգ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի թռչունների պահպանման միության ղեկավար և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարվոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Քասաբյանից:

 

Անցած դարի հիսունական թվականներին Հայաստանում հաշվառվում էր սև անգղի մոտ 50 զույգ, որոնք բնադրում էին Խոսրովի անտառում, Դիլիջանում, Սևանում և Հայաստանի այլ հատվածներում: Սակայն Հայաստանի թռչունների պահպանման միության ղեկավարի տեղեկությամբ' 2002 թ. երկրում մնացել էր սև անգղի ընդհամենը 4 զույգ, որոնց բնակատեղին Խոսրովի անտառն էր:

 

«Վերջին քսան տարիների ընթացքում այս լեշակեր թռչնի տեսակի պակասումը Հայաստանում կապված էր կերի պակասության և որսագողության հետ: Նախկինում, սովխոզների գոյության օրոք, մորթած կենդանիների լեշերը շատ էին, և թռչուններն ապրում էին դրանք ուտելով: Այնուհետև, 90-ականների սկզբից դաշտերում լեշ հնարավոր չէր հանդիպել, նաև որսագողության հետևանքով պակասեց վայրի խոզերի ու այծերի քանակը, որոնք, սատկելով, ևս դառնում էին կեր լեշակեր թռչունների համար», - ասաց Մամիկոն Քասաբյանը:

 

Նա հավելեց, որ սև անգղը նաև յուրահատուկ է նրանով, որ բնադրում է ծառի վրա, և դրանց խոշոր բները բավականին լավ են երևում հեռվից: Եվ մոտակա բնակավայրերի բնակիչները ձվադրման շրջանում բարձրանում էին ծառը, և ձուն կամ արդեն ձվերից դուրս եկած ձագերին տանում էին տուն, սակայն տնային պայմաններում ձագուկներին պահել բնավ հնարավոր չէ:

 

«Սև անգղի քանակության սակավացման հիմնական պատճառը կայանում է նրանում, որ իրենք առավել սովահար էին լինում թուխսի ընթացքում, որը տևում է մինչև երեք ամիս: Իսկ արդեն 2,5-3 ամսական սև անգղի ձագը իր չափսերով հասնում է հասուն թռչնի չափսերի: Օրերով թռչունները չէին կարողանում լեշ գտնել: Նույնիսկ մեր հետազոտությունների ընթացքում հայտնաբերում էինք սովից սատկած սև անգղի բներ: Իհարկե, մենք միանգամից սկսեցինք կեր գցել մոտակայքում, նույնիսկ փորձում էինք կերակրել բնի մեջ գնտվող ձագերին», - հավելեց Մամիկոն Քասաբյանը:

 

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարվոր կենդանիների լաբորատորիայի վարիչը հիշեցրեց, որ սև անգղը լեռնային սանիտարներից մեկն է, որը ոչնչացնում է սատկած կենդանիների մնացորդները: Այն կարող է վերացնել, օրինակ, սիբիրյան ժանտախտից սատկած կենդանու մնացորդները և կանխարգելել հիվադությունների տարածումը:

 

Հայաստանի Թռչունների պահպանման միությունը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002թ-ին և ձգտում է պահպանել թռչուններին, դրանց կենսամիջավայրը, ինչպես նաև կարևորագույն նշանակության տարածքները՝ օգտագործելով թռչունների պահպանման գաղափարը համայնքներն այդ գործընթացի մեջ ներգրավելու նպատակով: 2007 թ-ից Միությունը BirdLife International կազմակերպության միակ գործընկերն է Հայաստանում, իսկ 2009 թ-ից IUCN-ի առաջին պաշտոնական անդամը Հայաստանում: