Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին տարածել է հատուկ հայտարարություն, որում առաջարկել է երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության գործողությունների ծրագիր՝ կապված դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ռուսաստանի եւ Աբխազիայի իշխանությունների միջեւ ստորագրված համաձայնագրի հետ, տ եղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Նախագահը, մասնավորապես, առաջարկել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ համարժեք գնահատական կտրվի Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության դեմ ձեռնարկված քայլերին: Նրա համոզմամբ՝ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, Եվրախորհուրդը, ՆԱՏՕ-ն եւ միջազգային մյուս ամբիոնները պետք է ակտիվորեն օգտագործվեն Վրաստանի բռնազավթված տարածքների խնդիրները բացահայտելու համար:

 

«Միջազգային ասպարեզում մենք պետք է ցույց տանք այն սպառնալիքները, որոնք Աբխազիայի անեքսիայով եւ ռազմականացմամբ ստեղծվում են ոչ միայն Վրաստանի անվտանգության, այլեւ սեւծովյան տարածաշրջանի եւ ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»,- ասել է Մարգվելաշվիլին:

 

Վրաստանի նախագահը նաեւ հայտարարել է որ ինքը այդ ծրագիրը քննարկելու համար հանդիպումներ է սկսում խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների, ոչ կառավարական, գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ: Բացի այդ, Մարգվելաշվիլին դիմել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին եւ կրոնական համայնքների բոլոր ղեկավարներին՝ խնդրելով «օգտագործել իրենց հեղինակությունը եւ համատեղ ջանքերով թույլ չտալ փոքրաքանակ ազգերի ասիմիլացում»: