Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու կոչերը համարում է ուկրաինական հակամարտության լույսով առաջացած իրադրության «վտանգավոր անըմբռնողություն»: Նրա խոսքով՝ չի կարելի պատժամիջոցների նպատակ առաջադրել ՌԴ-ին տնտեսական վնաս հասցնելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ինձ ինչ-որ մեկն ասաց. «Պատժամիջոցները լավ են գործում, Ռուսաստանի վնասը տեսանելի է դարձել, այժմ մենք պետք է ընդունենք նոր պատժամիջոցներ, միայն այդպես մենք կարող ենք ընկճել Ռուսաստանին»: Ես կարծում եմ, որ դա անըմբռնողություն է, և շատ վտանգավոր անըմբռնողություն»,- նոյեմբերի 27-ին ասել է Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Sueddeutsche Zeitung թերթի տնտեսական խորհրդաժողովում:

 

«Մեկուսացված, տնտեսապես թուլացած Ռուսաստանը չի կարողանա ավանդ ներդնել Ուկրաինայի կայունացման գործում, այլ կարող է մեծ վտանգ դառնալ իր և ուրիշների համար, ուստի այդ ուղին ես խորհուրդ տալ չեմ կարող»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: