Կանադայից ինքնաթիռով օգնության առաջին խմբաքանակն է ուղարկվել ուկրաինական բանակի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ուկրաինայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված է Facebook ցանցում գերատեսչության էջում: «Ինչպես հայտնել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, Կանադայի կառավարության կողմից տրամադրված ռազմական օգնության բեռների առաջին խմբաքանակով ինքնաթիռը մեկնել է Ուկրաինա,- նշել են ԱԳՆ-ում:- Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիքոլսոնը հայտարարել է Ուկրաինային 11 մլն դոլար ընդհանուր գումարի ռազմական օգնություն հատկացնելու երկրի կառավարության որոշման մասին»:
Ավելի վաղ Նիքոլսոնը ճշտել է, որ 5 մլն դոլարով Ուկրաինայի համար գնվել է հանդերձանք, իսկ մնացած գումարով՝ չպայթած արկերը վնասազերծելու սարքավորանք, բժշկական տեխնիկա, կապի միջոցներ, հեռադիտակներ եւ գիշերային տեսունակության սարքեր: Սպասվում է, որ ամբողջ բեռն Ուկրաինա կհասցվի մինչեւ նոյեմբերի վերջը:
Կանադան արդեն 55 մլն դոլար է ծախսել ուկրաինական բանակի մարտիկների համար պաշտպանական սաղավարտների, զրահաբաճկոնակների եւ գիշերային տեսունակության սարքերի գնման, ինչպես նաեւ Ուկրաինայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացմանն օգնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: