Կանադայից ինքնաթիռով օգնության առաջին խմբաքանակն է ուղարկվել ուկրաինական բանակի համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ-ի Facebook-յան էջում տեղադրված հաղորդագրությանը:
«Ինչպես հայտնել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, Կանադայի կառավարության կողմից տրամադրված ռազմական օգնության բեռների առաջին խմբաքանակով ինքնաթիռը մեկնել է Ուկրաինա: Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիքոլսոնը հայտարարել է Ուկրաինային 11 մլն դոլար ընդհանուր գումարի ռազմական օգնություն հատկացնելու երկրի կառավարության որոշման մասին»,- նշել են ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Նիքոլսոնը ճշտել է, որ 5 մլն դոլարով Ուկրաինայի համար գնվել է համազգեստ, իսկ մնացած գումարով՝ չպայթած արկերը վնասազերծելու սարքավորանք, բժշկական տեխնիկա, կապի միջոցներ, հեռադիտակներ և գիշերային տեսունակության սարքեր: Սպասվում է, որ բեռների ամբողջ խմբաքանակը Ուկրաինա կհասցվի մինչև նոյեմբերի վերջը: