Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի ուղերձում ասված է.

 

«Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հարգելի՛ ծառայողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ծառայության կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Գոհունակությամբ պետք է նշել ծառայության հետևողական առաջընթացի և զարգացման, հանցավորության դեմ պայքարում արձանագրվող դրական ցուցանիշների մասին: Առանձնահատուկ պետք է ընդգծել հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում ծառայության դրսևորած սկզբունքայնությունը, զսպվածությունն ու անաչառությունը:

 

Գործունեության յոթ տարիների ընթացքում հատուկ քննչական ծառայությունը հաստատեց իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության իրավապահպան մարմինների համակարգում:

 

Ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները, ձևավորվել է արդի մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու ունակ քննիչներից կազմված անձնակազմ, կառույցի քննչական ենթակայությանը վերապահված քրեական գործերով իրականացվում է որակյալ նախաքննություն:

 

Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման, հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքները:

 

Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները:

 

Կրկին շնորհավորելով ծառայության կազմավորման օրվա առթիվ' մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, ձեզ և ձեր ընտանիքներին' առողջություն և երջանկություն»: