Սիրիան մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, որ սիրիական ուժերը Ռակկայում ռմբակոծել են խաղաղ բնակիչներով բնակեցված տարածքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի տեղեկատվության նախարար Ահմադ ազ Զոուբիի խոսքով' սիրիական բանակը երբեք չի հարձակվել և չի հարձակվի խաղաղ բնակիչների վրա: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը հիմնվում է ահաբեկչական կազմակերպությունների տեղեկատվական աղբյուրների վրա, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ջաբհա ան Նուսրան» և այլն:
Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Սիրիայի' ԻՊ-ի զոհ դարձած քաղաքացիների հիշատակը, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնի Սիրիայի հասցեին, ով արդեն մի քանի տարի պայքարում է ահաբեկչության դեմ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ սիրիական բանակն օդային հարվածներ է հասցրել Ռակկայում, որոնց հետևանքով տասնյակ անմեղ քաղաքացիներ են զոհվել, ավերվել են բնակելի տարածքներ: