Կառավարության որոշմամբ Նոր Նորքի երկրորդ զանգվածում Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային ու առաջին հարկերում բնակվող ՀՀ քաղաքացիներին կնվիրաբերվի իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նրանց հետ կնքվեն բնակարանների նվիրատվության պայմանագրեր:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ եւ 5-րդ մասնաշենքերի նկուղները եւ առաջին հարկերն առանձնացվել էին «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ի գույքի կազմից եւ ամրացվել էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ նշված տարածքների մի մասը փաստացի բնակեցված են /ընտանիքների մի մասը ներառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում/, մյուս մասը օգտագործվում են հասարակական նպատակով, ինչի արդյունքում տարածքները բաժանվել էին գույքային միավորների՝ ըստ փաստացի զբաղեցվածության չափերի:
Կառավարությունը որոշում էր կայացրել, որի համաձայն Մոլդովական 29/4 եւ 29/5 հասցեներում գտնվող 17 բնակելի տարածքները նվիրվել էին այնտեղ փաստացի բնակվող ընտանիքներին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվով 2 ընտանիքներ սահմանված ժամկետում Կոմիտե չէին ներկայացրել իրենց փաստաթղթերը եւ դուրս էին մնացել վերոնշյալ որոշման մեջ ընդգրկվելուց, ուստի ներկայացված նախագծով առաջարկվում է նշված 2 ընտանիքներին եւս սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակարանները: