Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոյի Ասահիկա քաղաքի ոստիկանությունը հայտնել է 27 եւ 34 տարեկան երկու երիտասարդների ձերբակալման մասին, որոնք հասցրել են շաբաթվա սկզբից հափշտակել 16 հազար ամանորյա բացիկներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հանցագործները կողոպտել են շուրջօրյա աշխատող ոչ մեծ խանութներ, որոնցում հաճախ մեկ վաճառող է լինում: Մինչ մեկը խոսակցություններով շեղում Էր վաճառողի ուշադրությունը, մյուսը գողանում Էր բացիկները: Ընդամենը նրանք գործել են 26 խանութներում, որտեղից գողացել են 16 հազար բացիկներ: Հատկապես բացիկների նկատմամբ իրենց ցուցաբերած մեծ հետաքրքրությունը նրանք բացատրել են դրանք հետագայում վաճառելու եւ փող ձեռք բերելու ցանկությամբ: Մեկ ստանդարտ բացիկն արժե շուրջ 0,5 դոլար:
Չնայած Էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերում ամանորյա շնորհավորանքների աճող ժողովրդականությանը, ճապոնացիներն առաջվա պես մեծ կարեւորություն են տալիս փոստային բացիկներին՝ բարեկամներին, ազգականներին, աշխատակիցներին, ընկերներին այդ տոնի առթիվ շնորհավորելու համար:
Նախաամանորյա շաբաթները վաճառքների եւ բացիկների տպագրման թեժ շրջան Է: Որպես կանոն, դրանց վրա պատկերում են գալիք տարվա խորհրդանիշը. այս տարի Ճապոնիայում դա ոչխարն Է: Շատերը նախընտրում են բացիկներն ինքնուրույն ստեղծել՝ դրանց վրա տեղադրելով տարվա գլխավոր իրադարձությունների հետ կապված լուսանկարներ, իսկ այնուհետեւ բազմացնելով մի քանի տասնյակ օրինակով:
Ճապոնացիները տարեկան շուրջ 4 մլն բացիկ են ուղարկում: Երկրի 127-միլիոնանոց բնակչության վրա պարզ թվաբանական բաժանման դեպքում յուրաքանչյուր ճապոնացի, հաշված կրծքի երեխաները, ուղարկում Է շուրջ 30 ամանորյա բացիկ: Գործնականում երեխաները բացիկների հետ կապված իրարանցմանը միանում են 5-6 տարեկանից՝ հազիվ սովորած առաջին տառերը, եւ մի քանի բառ են ավելացնում ընտանեկան ուղերձներին, ինչպես նաեւ իրենք են գրում մանկապարտեզի ընկերներին ու դաստիարակչուհիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: