Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Երկրի նախագահը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել վարչական շենքի, ռեժիմային գոտու, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, պահպանության բաժնի և բնակելի հատվածի պայմաններին:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Վիսկոնսին նահանգի քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Նախարարի խոսքով՝ երկրի քաղաքական ղեկավարությունը՝ Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, լրջորեն կարևորել և կարևորում է այս ոլորտի արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը:
«Այսօր արդեն շահագործման ենք հանձնում Անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիր»-ի առաջին մասնաշենքը: Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի խոսքով ' քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության լրջագույն խնդիրը միայն «Արմավիր» հիմնարկի ամբողջական շահագործումից հետո կարելի կլինի համարել հիմնականում լուծված, քանի որ միայն «Արմավիր»-ը իր վրա կվերցնի համակարգի ծանրաբեռնվածության շուրջ 25 տոկոսը:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ' շուտով փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող շուրջ 400 դատապարտյալներ տեղափոխվելու են «Արմավիր». պատիժը կրելու ընթացքում նրանք հնարավորություն կունենան ընտանիքի անդամների հետ շփվել առավել պատշաճ և բարեկարգ պայմաններում:
«Պարոնայք սպաներ և աշխատակիցներ, դուք ձեր ժամանակի զգալի բաժինն անց եք կացնում այս ծառայության մեջ, բարդագույն և միգուցե երբեմն անշնորհակալ ծառայություն, որը դուք պատվով եք կատարում: Ուստի ձեր աշխատանքային պատշաճ պայմանները նույնպես մեր առաջնահերթությունների թվում են: Հուսով եմ, որ բարեկարգ հիմնարկը կնպաստի ձեր աշխատանքի որակի բարձրացմանը: Բարի ծառայություն եմ մաղթում Ձեզ բոլորիդ»,- ասել է նախարարը՝ հավաստիացնելով, որ Արդարդատության նախարարությունը և քրեակատարողական ծառայության ղեկավարությունը կանեն հնարավոր ամեն ինչ համակարգում իրավիճակը ավելի բարելավելու համար:
Միջոցառման ավարտին լրագրողների համար շրջայց է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին՝ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով:
2009-2010 թվականներին այն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, իսկ 2011 թվականից՝ վերսկսվել: Հիմնարկը նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար: Նախատեսվում է, որ 1152 դատապարտյալ կբնակվի խցերում, իսկ 48 դատապարտյալ՝ սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում:
Քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել երկու փուլով: Առաջին փուլով շահագործման հանձնվեց քրեակատարողական հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, իսկ երկրորդ փուլում՝ մինչև 2015 թվականի ավարտը, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը: 2014 թվականին շահագործման հանձնվող բնակելի մասնաշենքը բաղկացած է երկու թևից, յուրաքանչյուրն ունի 48 խուց, որից յուրաքանչյուրը նախատեսված է 4 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:
Քրեակատարողկան հիմնարկի տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքահարող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ:
Հիմնարկում գործելու է շուրջ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որն իր մեջ ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ: