Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը.
«Հա կրկնելով, որ սա քաղաքական միություն չէ, զուտ տնտեսական է, այնուամենայնիվ, մեր կասկածները չեն փարատվում և զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան: Ըստ միջազգային գործակալության կողմից միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված հարցման' 52 %-ը Ռուսաստանը համարում է համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ 1 սպառնալիքը, այն դեպքում, երբ Իսլամական պետությունը սպառնալիք են համարում 26 %-ը:
Մաքսային միության մեջ այդ նույն Ռուսաստանը' դոմինանտ երկիրը, արգելում է այս կամ այն 10-11 ընկերություններին մթերք մատակարարել, մեկ այլ որոշմամբ'սահմաններում մաքսային զննումներ կատարել: Որևէ հեռանկարային զարգացում չենք տեսնում: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ այս պայմաններում որևէ մեկը ներդրումներ կանի Հայաստանում»:
Ի պատասխան' Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասաց, որ չի կարծում՝ ՀՀ-ն ԵՏՄ-ին միանալով որոշակի սահմանափակումներ է կրում: Ընդամենը հնարավորություններ է ստանում, ավելի լայն հնարավորություններ, քան այսօր կան:
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը որևէ սահմանափակում կամ պարտավորվածություն չի ստանձնում:
Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց, որ զեկուցողն ասաց ինչ ասես, բացի հարցի պատասխանից: