ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:

 

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարարության և մարզպետարանների միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ համատեղ ջանքերով նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող աշխատանքներին, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր: