Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի սիրիական ճգնաժամի լուծման համար և թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին բարգավաճել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադին աջակցում է ժողովրդի զգալի մասը:

 

Պուտինը նշել է, որ Սիրիայի իրավիճակը հնարավոր չէ համարել բնական, և անհրաժեշտ է կանխել քաոսի և ահաբեկչական կազմակերպությունների տարածումը, ինչպես դա եղել է Իրաքում: Ըստ նրա' արդյունքում' ահաբեկիչները հսկողության են հաստատել Սիրիայի տարածքի 40 տոկոսի վրա:

 

«Անկասկած, պետք է գտնենք այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի սիրիական ժողովրդի և քաղաքական բոլոր ուժերի համար, և կշարունակենք շփումներն այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ: Պետք է հաշվի առնել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն' Նախագահ Ասադն ստացել է ժողովրդի աջակցությունը»,- նշել է Պուտինը:

 

Նա սիրիացի պաշտոնյաների, մասնավորապես, Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ անհրաժեշտ է ուղիներ գտնել համագործակցության համար և համախմբել ջանքերը հանուն երկրի զարգացման, որն ընդունելի կլինի բոլորի կողմից: