Նյու Յորքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի սրտի հաջող վիրահատություն են կատարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը:

 

Մանհեթենի «Մաունթ Սայնայ» կլինիկայում վիրահատությունը շարունակվել է մի քանի ժամ: 68-ամյա Անաստասիադիսին այժմ տեղափոխել են ինտենսիվ բուժման պալատ: Նրա կողքին են կինը եւ երկու դուստրերը:

 

Սպասվում է, որ Անաստասիադիսն այնտեղ կանցկացնի չորս-հինգ օր: Կլինիկայից դուրս գրվելուց հետո նախագահին եւս առնվազն մեկ շաբաթ կպահանջվի վերականգնվելու համար: Ենթադրվում է, որ նա կարող է Կիպրոս վերադառնալ մինչեւ Ծննդյան տոները, սակայն դա կախված կլինի նրա առողջական վիճակից:

 

Արտասահմանում Անաստասիադիսի գտնվելու ընթացքում Կիպրոսի հանրապետության նախագահի պարտականությունները դրված են Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) նախագահ Յանակիս Օմիրուի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: