Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտությունում տևական համաձայնության հասնելու իրենց հանձնառությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,' վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարի Հարֆը:

 

Անդրադառնալով լրագրողի այն հիշատակմանը, որ ԱՄՆ Կոնգրեսի' հայկական հարցերով զբաղվող խումբը Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձի կապակցությամբ պատրաստվում է հանդիպում անցկացնել Հայաստանի դեսպանությունում, Հարֆը նշել է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինն անկախ է նմանօրինակ միջոցառումներ ձեռնարկելու հարցում: Այդուհանդերձ, նա շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ԱՄՆ տեսակետը մնում է անփոփոխ:

 

Լրագրողը փորձել է հստակեցնել նաև այն, թե ինչու նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուները խոսում են Հայոց ցեղասպանության մասին և պահանջում են թուրքերից այն ճանաչել, իսկ ընտրվելու ժամանակ արդեն մտքափոխվում են: Սրան ի պատասխան Հարֆը խուսափողական պատասխան է տվել' նշելով, որ ԱՄՆ քաղաքականությունն այս հարցում մնում է նույնը: