«Լենինական գալուց առաջին տպավորությունն այն է, որ մեծ հորդ կամ պապիդ այցելության ես գալիս, որին երկար ժամանակ չես տեսել, կթողնես իրան անտեր, կերթաս, հետո որոշ ժամանակ անց կգաս ու հանկարծ կնկատես, որ այս անգամ էլ ոջլոտել է»,- galatv.am-ի հետ զրույցում այսպես պատկերավոր ներկայացրեց իր «լքվող ծննդավայրի»՝ Գյումրու պատկերը ծնունդով Գյումրիից, բայց 20 տարի եւ ավելի ռուսաստանաբնակ Հրանտ Պետրոսյանը, ով նաեւ ՀՀ վաստակավոր մարզիչ է, եւ Մոսկվայում հաջողակ գործարար է դարձել հայրենիքից հեռանալուց հետո:
«Էն որ ասում են մտածող-ցավացողներն են մնացել, ես համաձայն չեմ, մեծ մասամբ մնացել են անճարակները, բայց մյուսներն էլ՝ հեռացողները, պակաս անճարակ չեն, մենք' բոլոր թշվառներս, որ Հայաստանից հեռացել ենք, հիմա ստացվում է, որ օտար ափերում հորովել ենք երգում՝ ուրիշի հորովելը, որը ավելի վատն է: «Դրսի ձայնն անուշ է», որ ասում են, դրանից ճիշտ բան չկա, դու «երկրորդ սորտի», «երկրորդ ռանգի» մարդ ես, բայց ստեղ էլ բան չկա, գիտե՞ք՝ ինչքան եմ ուզեցել տեղափոխվել, տեղափոխվել ու բիզնես դնել Հայաստանում…»,- ասաց Հրանտ Պետրոսյանը:
Հաջողակ գործարարը Ռուսաստանի տարբեր քաղաքներում մոտ 600 աշխատատեղ է ստեղծել, Մոսկվայում հայկական «Անահիտ» ռեստորանի սեփականատերն է, ունի հյուրանոցներ, եւ այլ սեփականություններ: «Բեսպրեդելը» այնտեղ էլ է շատ:
Բայց բիզնեսում գոյություն ունի «ֆորսմաժորային» իրադրություն, Ռուսաստանում չկա, կամ քիչ է, բայց Հայաստանը «կարմիր զոնայում» է, երկիր, որը իր հարեւանների հետ սահմանային խնդիրներ ունի՝ գումարած, որ ամեն րոպե պայթունավտանգ է, իսկ փողը մնում է այնտեղ, որտեղ ավելի հանգիստ է: Մեծ գործարարների հետ զրուցել եմ, ժամանակին որոշել եմ հրավիրել մեր երկիր, գնացի այդ մտադրությամբ, որ գամ ու իմ գործը սկսեմ Հայաստանում, բայց դա արեցի դրսում, ինչո՞ւ …Որովհետեւ շատ հայտնի մարկետոլոգներ ու մասնագետներ, որոնք հենց համակարգչում խփում են Հայաստանը բացվում է, Հայաստանը կարմիր գույնի է, կարմիր զոնա: Վտանգն այն է, որ հենց հաջորդ օրը դու կարող է քնես ու արթնանաս սնանկացած: Դա միայն իշխանություններից չի կախված, օրինակ կբերեմ նաեւ 2008 թ.-ի ռուս-վրացական եռօրյա պատերազմը, մենք էլի Գյումրիում երկրաշարժ ապրեցինք, բենզին չկար, մութ էր, էնքան բան գործարարից կախված չէ, որ նույնիսկ հետաքրքիր չէ գործարարների համար խոսել Հայաստանից»:
Գործարարը ՌԴ-ում բիզնես-գործունեությանը զուգահեռ սկսել է զբաղվել նաեւ մարզչի աշխատանքով, բայց ասում է՝ այնտեղ երեխաների մոտ հայ երեխաների աչքերի փայլն ու կայծն է փնտրում ու չի գտնում. «Կարոտել եմ հայ երեխաների աչքերի փայլին: Ստացվեց այնպես, որ վերադարձա մի քանի օրով ու կարոտս առա, բայց ամեն գալուց ինձ համար մի տխուր բան եմ հայտնաբերում, որ էնտեղ կա ու էստեղ չկա: Ամեն ինչը այստեղ մենաշնորհված է, սեփականացված են ոչ միայն բակերը, տարածքները, շենքերը, այլ անգամ բառերն ու մարդու երազանքներն են սեփականաշնորհված, թվում է' անգամ երազ տեսնելու իրավունքը սեփականաշնորհել են «ապահով Հայաստան» խոստացողներն ու «ապահով Հայաստանի» պատրանքը ստեղծողները:
Հիմա նորից Գյումրուց հեռանում եմ, ու նորից այն տպավորությունն է, թե հիվանդ հորս մենակ թողնում-գնում եմ' ինձ հետ տանելով մեղքի զգացում»:
Քրիստինա Մկրտչյան