«Անշուշտ, այլևս անընդունելի է բացթողումներն ու երկրի հիմնահարցերն անցյալից ժառանգած արատավոր երևույթներով և մեր պետության երիտասարդ տարիքով պայմանավորելը: Հայկական պետությունն արդեն թևակոխել է հասունության փուլ, իսկ առկա լուրջ խնդիրներն օր առաջ գրագետ և հստակ լուծումներ են պահանջում: Նախորդ 5 տարիների ընթացքում մենք բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների ենք դիմակայել, հաստատակամ առաջ ենք շարժվել, հավատացել ու փոխում ենք՝ ջանք չխնայելով կառուցելու ավելի բարվոք Հայաստան՝ բոլորի և յուրաքանչյուրի համար»,- ասված է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի «Ներածության հատվածում»:
«Այսօր ունենք կայացած և մարտունակ բանակ, որն ապահովում է մեր Հայրենիքի անվտանգությունը, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման բավական հասուն ինստիտուտներ, վերելք ապրող քաղաքացիական հասարակություն և մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից, այդ թվում նաև ավելի զարգացած և ժողովրդավարության ավելի երկար պատմություն ունեցող երկրներից: Հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքը մեր կարևորագույն արժեքն է: Ապահով Հայրենիք և ապահովված ընտանիքներ՝ սրանք անհրաժեշտ նախադրյալներն են՝ կյանքի կոչելու ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ նպատակադրումը»,- ամրագրում է գործող նախագահը՝ վստահեցնելով, որ «2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով»:
Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի առաջին դրույթը նվիրված է «ապահով հայրենիքի թիվ մեկ գրավական՝ հայոց բանակին»: Այս առումով, թեկնածուն ամրագրում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չզբաղվեն հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, քանի որ ունակ լինեն իրենց շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում և անդին, որի հիմքն արդեն իսկ դրված է աշխարհի տարբեր ծագերում մեր խաղաղապահների կողմից մարտական խնդիրների գերազանց կատարմամբ»:
Խոսվում է նաեւ կոռուպցիան բանակից վանելու, հրամանատարական կազմը մասնագետներով համալրելու մասին:
Արտաքին հարաբերությունների մասով՝ Հայաստանը շարունակելու է կոմպլեմենտար քաղաքականությունը: Միաժամանակ, որպս ծրագրային դրույթ, ամրագրված է. «2015 թվականն աշխարհի հայության՝ Հայաստանի, Արցախի, սփյուռքի և ամբողջ մարդկության համար պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման յուրատեսակ հանգրվան: Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում' լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության (այդ թվում՝ Թուրքիայի հասարակության) մակարդակով»: Նաեւ՝ «Առավել մեծ ուշադրություն ենք կենտրոնացնելու այն խնդիրներին, որոնք ապահովելու են ՀՀ քաղաքացիների պաշտպանվածությունն աշխարհի բոլոր երկրներում»:
Ամրագրելով, որ ապահով կարող է լինել միայն արդար եւ ազատ Հայաստանը, Սերժ Սարգսյանը խոստանում է. «Կարևորվելու են մարդու իրավունքների պաշտպանությունը վարչական մարմիններում, վարչական վարույթի շրջանակներում, քաղաքացիների՝ լսված լինելու իրավունքի երաշխավորումը, մարդկանց հանդեպ բարյացակամության միջավայրի ստեղծումը: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը պետք է համապատասխանի իր կոչմանը և ապահովի իրավունքների պաշտպանությունը ոտնձգություններից, քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունը պետք է առաջնահերթություն դառնան, պետական մարմինների գործունեությունը պետք է նպաստի սոցիալական արդարության և հասարակական համերաշխության հաստատմանը: Էապես կվերանայվի քրեական արդարադատության ամբողջ փիլիսոփայությունը: Քաղաքացիները կստանան քրեական գործերով իրենց իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու նոր հնարավորություններ, իսկ իրավապահ մարմիններին կտրվեն հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելու ժամանակակից իրավական գործիքներ»:
Պատրաստ է նաեւ Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը: Հայ երգի հին ու նոր աստղերը երգում վստահեցնում են, որ «Հաստատ կգա այն ապագան, որը տեսնում եմ ես»: Երգը կատարում են Լիլիթ Հովհաննիսյանը, Նունե Եսայանը, Միհրան Ծառուկյանը, Հայկոն, Ռազմիկ Ամյանը, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն է. «Դեպի ապահով Հայաստան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ