ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր Երևանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ նախընտրական քարոզչության վերջին օրը շոշափելով տարբեր հարցեր իր համակիրներին վստահեցրեց, որ Հայաստանն այսօր իրոք զարգանում է, ապա ավելացրեց, որ դա իր համար երջանկության պահ է։
Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր արդեն մեր գործարանները հազարավոր աշխատատեղեր են ստեղծել։ «Հայաստանն իրոք զարգանում է, և սրանք ինձ համար իրոք երջանկության պահեր են, մեր տնտեսությունը ոտքի է կանգնել, արտահանման ծավալներն աննախադեպ են, հասարակությունն ակտիվ է, ինչպես երբեք»,– ասաց նա։
ՀՀ նախագահը, անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, ասաց հետևյալը. «Կարող եմ միայն փաստել, որ այսօր մեր բանակցային դիրքերը շատ ամուր են և փա՛ռք Աստծո մեր դիրքորոշումներն ու Մինսկի խմբի դիրքորոշումները, եթե չասեմ նույնական են, այդուհանդերձ, համահունչ են։ Մեր զինվորների արիության շնորհիվ, ՀՀ սահմաններն անխախտ են, մենք իրական առաջընթաց ենք ունեցել»,– ասաց նա և ավելացրեց, որ ինքն այստեղ չէ ձեռքբերումները թվարկելու համար։
«Մենք այստեղ ենք քանի որ շատուշատ անելիքներ ունենք։ Մեր աշխատանքը նոր–նոր է սկսվում, քանի դեռ մեր երկրում շատ մարդիկ կան, ովքեր աշխատանք են փնտրում ու չեն գտնում, քանի որ փոքր քաղաքներում օրուգիշեր տքնող հայաստանցին չի հասցնում բարեկեցիկ կյանք ապահովել իր ընտանիքի համար, և քանի դեռ մեր սահմանների շղթայում կա դեռ մեկ օղակ, որ դեռևս թույլ է, անշուշտ, մեզ հսկայական աշխատանք է դեռ պետք կատարել»,– ասաց նա։
Նշենք, որ դահլիճում նստածների մեջ մեծ թիվ էին կազմում մտավորականները՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամրիխանյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, Ստանսիլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, երգիչ–դերասան Միքայել Պողոսյանը, նաև շուբիզնեսի ներկայացուցիչներ՝ Նունե Եսայանը, Արամոն և Էմմա Պետրոսյանը, Աշոտ Ղազարյանը, Շուշան Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը, ով այսօր ոչ թե քարոզարշավին ուղեկցվող համերգային ծրագրի հաղորդավարի, այլ ունկնդրի վիճակում էր և այլք։