Հանրապետության Նախագահի ութ թեկնածուներից հունվարի 25-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չի բացել միայն Արման Մելիքյանը:
Իսկ մեկ այլ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, հունվարի 22-ից հետո թեև բացել է հիմնադրամը, այդուհանդերձ հունվարի 25-ի դրությամբ ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:
Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանի և «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանի հիմնադրամներում նույնպես ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:
Ամենաշատ մուտքերը եղել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հիմնադրամում՝ 63 մլն 90 հազ. դրամ, ելքերը' 27 մլն 190 հազ. 40 դրամ, մնացորդը' 35 մլն 899 հազ. 960 դրամ:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամի մուտքերը թեև ավելի համեստ են' 30 մլն դրամ, սակայն նա ծախսել է ավելի շատ' 29 մլն 99 հազ. 180 դրամ, մնացորդը' 900 հազ. 820 դրամ:
«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մուտքերն եղել են 5 մլն 620 հազ. դրամ, ելքերը' 1 մլն 995 հազ. 600 դրամ, մնացորդը' 3 մլն 624 հազ. 400 դրամ:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամի հաշվեհամարին հունվարի 25-ի դրությամբ մուտքագրված է եղել ընդամենը 824 հազ. դրամ, որից ծախսվել է 495 հազ. 900 դրամ, մնացորդը' 328 հազ.ր 100 դրամ:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո' երեք աշխատանքային օրը մեկ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»: