Փետրվարի 18-ը ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարի օրն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հասկանում է ժողովրդի վիճակը, ով վերջին 20 տարում կորցրել է արդար ընտրություններ անցկացնելու հույսը, սակայն նա կոչ է արել, որպեսզի բոլորը գնան քվեարկության եւ իրենց հետ տանեն այն քաղաքացիներին, ովքեր չեն հավատում արդար ընտրությունների անցկացմանը:
«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ուզում է Հայաստանը հետ տանել, սակայն ոչ մեկին, նույնիսկ Սարգսյանին, թույլ չեմ տա ժողովրդի վիճակը բարելավելու ցանկությունն «ավանտյուրա» անվանել: Ես կոչ եմ անում Սերժ Սարգսյանին, նրա նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, բոլոր մարզպետներին եւ քաղաքապետներին՝ դադարեցնել ընտրակաշառքի բաժանումը, քանի որ եթե խախտումներ, ընտրողներին վախեցնելու դեպքեր արձանագրվեն, ապա նրանք բոլորը պատժվելու են օրենքով: Պետք է դուրս շպրտվեն բոլոր նրանք, ովքեր խախտում են օրենքը, ովքեր ճնշում են գործադրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,-նշել է նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր Հայաստանն ընկալում են որպես իրենց ազդեցության գոտի, թող պատրաստվեն իրենց կյանքն անցկացնել գաղութում:
Նախագահի թեկնածուն նաեւ նշել է, որ ի թիվս այլ բարեփոխումների, ինքը մտադիր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին չխառնվի քաղաքականությանը, այլ զբաղվի իր ուղղակի պարտականություններով: