«Այսօր քաղաքակիրթ քարոզարշավ է ընթանում: Եթե համեմատելու լինենք և զուգահեռներ տանենք նախկին քարոզարշավների հետ, կարող ենք արձանագրել, որ այսօր այն ազատ է, ինչը ևս ձեռքբերում է: Այս ընտրական մշակույթը պետք է ամրապնդենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ գնահատական տալով նախընտրական քարոզարշավին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ այսօր, ճիշտ է, ավելի քաղաքակիթ քարոզարշավ ենք անցկացնում, բայց, այնուամենայնիվ, որոշ խոչընդոտներ կան. «Այսօր վարչական ռեսուրսի կիրառում կա: Չարենցավանում դպրոցական դասաժամերի հաշվին տեղի են ունենում հանդիպումներ՝ կապված նախագահական ընտրությունների հետ. անձնագրերի հավաքագրումներ կան, արջի ծառայությունների շարքը, ցավոք սրտի, շատ է կապված քաղաքապետարանի հետ, դպրոցների տնօրենների հետ հանդիպումներ կան, բայց ծրագրային, բովանդակային պայքար կա»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժողովուրդը պետք է ընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև այդ դեպքում միայն բիզնեսը կարող է ազատվել իշխանությունից, բանակում ռեֆորմներ իրականացնել, աշխատավարձերը բարձրացնել, վերջ տալ արտագաղթին, պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել 4 միլիոնի և այլ բովանդակային փոփոխություններ կան, որոնք կարող է անել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։
«Թե ինչու պետք է քաղաքացին ընտրի Սերժ Սարգսյանին և ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. Րաֆֆի Հովհաննիսյանը կայուն քաղաքական գործիչ չէ: Եթե նախագահ ենք ընտրում, պետք է հաշվի առնենք գիտելիք, փորձ, Ղարաբաղի խնդիր, բանակցություններ, այսօրվա չափանիշները լրիվ այլ են: Մենք երկրի զարգացումներ ենք տեսնում, ունեցել ենք 14% տնտեսական աճ, տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր երկրում տեղի է ունեցել բնակարաշինություն, աշխատավարձերը չեն ուշացրել»,-ասաց Հովհաննես Սահակյանը, որին ի պատասխան' Արմեն Մարտիրոսյանn ասաց.
-Ով էլ այդքան պարտք աներ, կաներ այդ ամենը: