Սերժ Սարգսյանը' Մովսես գյուղի միջադեպի մասին «Այդպես էի խոսում, որովհետեւ մարդը չէր հասկանում, որ Մովսես գյուղում չեն կարող արդյունաբերություն զարգացնել»: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը' բացատրելով սահմանամերձ Մովսես գյուղում իր եւ տեղացի տարեց մի մարդու զրույցը, որտեղ արված հայտարարությունները բավականին շահարկվեցին: ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը սահմանամերձ գյուղերի մասին հարց ուղղեց նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ առիթը օգտագործեց եւ խոսեց Մովսես գյուղում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին: Հիշեցնենք, որ Մովես գյուղում Սերժ Սարգսյանը, պատասխանելով տարեց մարդու դիտարկմանը, թե ամենամեծ խնդիրն այն է, որ «գյուղը դատարկվում է, էրեխեքը Ռուսաստանում են», նեղսրտել էր'«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Իսկ երբ տարեց մարդը նշել է, որ եթե «զավոդ» լիներ, աշխատեին՝ չէին գնա, նախագահը իր զարմանքն է հայտնել, որ գյուղում «զավոդ» կարող է լինել, հետո էլ ասել. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի' ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»: «Ինձ ասում է' բալա ջան, մի գործարան բեր դիր էստեղ աշխատենք: Ասում եմ, Մովսես գյուղում պտի հող մշակես, անասուն պահես: Մենք էլ, պտի հետեւենք, որ Մովսես գյուղում ինտերնետը լավ լինի, գազը լինի, ջուրը լինի: Ասում ա' ամեն ինչն էլ կա: Ասում եմ' դպրոց վերանորոգել ենք, գազը կա: Աշխատեք: Ինչու եմ էսպես ասում Շուշան, որովհետեւ մշտապես գնում ես, շրջում ես, հայրենասիրությունից բացի, մի քիչ էլ աշխատանքը քարոզի»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ