Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ:
Մասնավորապես, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ նրա նախագահության երկրորդ ժամանակահատվածում հայ-լիտվական հարաբերություններն այսուհետ եւս կամրապնդվեն տնտեսական, մշակութային եւ քաղաքական կապերի զարգացման ճանապարհով: «Ցանկանում եմ նաեւ, որ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման արդեն թափ հավաքող գործընթացը դառնա մեր երկրները միավորող ամուր եւ փոխշահավետ օղակ»,-ասված է Լիտվայի նախագահի ուղերձում:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Հանրապետության ղեկավարին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաջողություններ մաղթել գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ բարձր մակարդակի փոխհարաբերությունները երկու բարեկամ պետությունների եւ հայ ու լիբանանցի ժողովուրդների միջեւ նույն ոգով կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել:
Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչն իր ուղերձում եւս մեկ անգամ հաստատել է Սլովակիայի ցանկությունը եւ հետաքրքրությունը՝ շարունակելու բազմակողմանի եւ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Վստահ եմ՝ նախորդ տարիների ընթացքում մեր պետությունների միջեւ ձեռքբերված համագործակցությունն այսուհետ եւս կամրապնդվի: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել փոխգործակցությունը եւ ինտենսիվ երկխոսությունն ինչպես մեր պետությունների կառավարությունների, այնպես էլ պետությունների ղեկավարների մակարդակով»,- ասված է Սլովակիայի նախագահի ուղերձում:
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին Հանրապետության նախագահին շնորհավորել եւ նրա մեծ ձեռնարկումներին հաջողություններ է մաղթել՝ բարեկամ հայ ժողովրդի փափագած առաջընթացը եւ բարեկեցությունը ապահովելու համար:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն Իսրայելի ժողովրդի եւ անձամբ իր անունից Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն ընդլայնվել եւ ամրապնդվել: