Ահարոն Ադիբեկյանը, որին կարելի է համարել պարզապես իշխանական քաղաքական մտադրությունները թվաբանորեն վերարտադրող խոսափողներից մեկը, հայտարարել է, թե իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների 73 տոկոսը պատրաստ է ձայն տալ Սերժ Սարգսյանին:
Եթե սա համարենք իշխանության մտադրությունների ոչ պաշտոնական վերարտադրություն, ապա փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պլանավորում է սկսել 73 տոկոսից: Այսինքն' նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների և ուժերի հետ նա իր աճուրդի մեկնարկային գին է սահմանում 73 տոկոսը: Կախված իրավիճակից' այդ գինը կարող է նվազել: Բայց կարող է նաև բարձրանալ: Այսինքն' 73-ից սկսող Սերժ Սարգսյանը կարող է ոչ թե իջնել, ասենք, 65 տոկոս, այլ բարձրանալ, ասենք, մինչև 80 տոկոս:
Ավելորդ է ասել, որ սա Հայաստանի համար պարզապես կլինի խայտառակություն, որովհետև եթե, օրինակ, Ղարաբաղում է նախագահը վերարտադրվում 80 տոկոսով, դա ըստ էության քաղաքական լուրջ հետևանքներ չունի, բայց երբ Հայաստանում է արձանագրվում նման ցուցանիշ, ապա այստեղ, իհարկե, Հայաստանը միարժեքորեն սկսում է արդեն ժողովրդավարական հեռանկարների հարցում մրցակցել ոչ թե Վրաստանի, այլ համեմատվել հարևան Ադրբեջանի հետ: Դրա քաղաքական հետևանքները պատկերացնելը դժվար չէ, բայց պետք չէ նաև ուշադրությունից բաց թողնել, այսպես ասած, բորայական հետևանքները:
Խոսքն այն մասին է, որ Հայաստանն աշխարհում ճանաչելի է դառնում ոչ թե որպես հետխորհրդային մի հանրապետություն, որտեղ հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության արդիականացման, մշակութային հիմքեր են գցվում, այլ ճանաչելի է դառնում որպես դեպի խորհրդային միության' «ուռա ընտրություններ» վերադարձող մի հանրապետություն, որտեղ ընտրվում են խորհրդային «գենսեկներ»: Այսինքն' հարվածն այստեղ ոչ միայն քաղաքական է, ինչը որոշակորեն կարող է հարաբերական դառնալ այն իմաստով, որ Հայաստանը միգուցե կարող է տեղավորվել որևէ գերտերության շահերի միջև և որոշակիորեն փոխհատուցումներ ստանալ այս կամ այն վտանգավոր զարգացման դեպքում, այլ նաև բարոյահոգեբանական, երբ Հայաստանը պարզապես կորցնում է իր «լեգիտիմությունը»' որպես քաղաքակիրթ պետություն:
73 տոկոսը այն սահմանային կետն է, այն անդունդի պռունկը, որից Հայաստանը կամ հետ կքաշվի, կամ կընկնի անդունդը: Այստեղ, սակայն, իրավիճակը չի կարելի թողնել Սերժ Սարգսյանի ողջախոհությանը կամ բարի կամքին: Ի վերջո' այդ ամենում Սերժ Սարգսյանը առաջնորդվել և առաջնորդվում է բացառապես անձնական իշխանական շահով: Պետք է անտարբերություն չցուցաբերի նաև հասարակությունը, որովհետև հակառակ դեպքում կորուստները կարող են լինել բավական ծանր և անդառնալի:
Այն, որ մի քանի քաղաքական ուժեր հրաժարվել են նախագահական ընտրությանը մասնակցելուց, դա հասարակությանը չպետք է մատնի անտարբերության: Հակառակը' հասարակությունը կարող է իր խնդիրներով զբաղվել առանց ավելորդ խանգարողների, ովքեր իրենց համար անհրաժեշտ պահին գործարքների են գնում հենց հանրության թիկունքում: