Ադրբեջանական կողմը հերթական ապաշնորհ քայլն է կատարել եւ խեղաթյուրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը: Այս անգամ ադրբեջանական լրատվամիջոցները Լավրովի խոսքում ավելացրել են հատվածներ այն առնչությամբ, թե իբր Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները ՌԴ քաղաքացիներ են եւ պաշտոնական Մոսկվան ցանկանում է, որ նրանք անհապաղ ետ վերադարձվեն կամ փոխանակվեն:

 

Իրականու մ, Լավրովն այլ բան է ասել: Բազելում խոսելով ԼՂ հակամարտության մասին' Լավրովն, առանց կոնկրետության եւ որեւէ մեկին նշելու, շեշտել է, որ պատանդների հարցը շատ լուրջ է եւ նրանք պետք է ազատ արձակվեն կամ փոխանակվեն:

 

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոստովանում է, որ արդեն չի զարմանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի վրա: Առաջին դեպքը չէ, որ Ստեփանակերտում ադրբեջանական լրատվամիջոցների նյութերը մի քանի տասնակ անգամ տարբեր աղբյուրներով ստուգում են, քանի որ գիտեն' հարեւան պետության ներկայացուցիչները կգրեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում կամ մտածում: Նույնը եղել է Սերգեյ Լավրովի պատասխանի դեպքում: Այս առնչությամբ Բաբայանն անգամ անհեթեթ է համարում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքը մեկնաբանելը:

 

«Ինչ վերաբերում է Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին, ապա նրանք մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Պետք է սպասել դատավճռին, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա' նրանք հանցագո՞րծ են, թե' ոչ: Ամեն դեպքում, մենք հաստատակամ ենք, որ դատավարություն պետք է լինի:

 

Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ նրանք ռազմագերիներ չեն: Մենք համաձայն ենք Լավրովի հետ այն հարցում, որ գերիները պետք է վերադարձվեն եւ, որպես քաղաքակիրթ պետություն, մենք հետեւում ենք այդ կանոններին, ինչը չի անում հակառակ կողմը: Այն սրբապղծում է, խափանում բոլոր գործընթացները, խախտում նորմերը: Հիշո՞ւմ եք ուղղաթիռի դեպքը: Իսկ Կարեն Պետրոսյանի պատմությո՞ւնը»,- ընդգծեց Բաբայանը:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է ադրբեջանցի դիվերսանտներին ներկայացնել որպես ռուսաստանցիներ' փորձելով այդ կերպ լուծում գտնել հանցագործներին հետ վերադարձնելու հարցում: Մինչդեռ, դեռեւս հուլիսին, երբ ադրբեջանական կողմը նոր էր տարածում այդ թեզը, Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Քարվաճառում ձերբակալվածների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան:

 

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովին հղած նամակում դեսպանը հայտնել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Քառվաճառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվածների մեջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չկան», - գրել է Դորոխինը:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

 

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի:

 

Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: ԼՂՀ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել հուլիսի 14-ին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ձերբակալված անդամներին: Դատավարությունը շարունակվում է: