Գյուղատնտեսական տարին ավարտվում է և այս տարի մեծ առաջընթաց է գրանցվել հատկապես սպանդանոցների հարցում։ Նման գնահատական տվեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը աշխատանքային այցի ընթացքում ծանոթանալով Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում կառուցված «ԶՕՐ» ՍՊԸ սպանդանոցի աշխատանքին:

 

«Մինչև տարվա վերջ շահագործման կհանձնենք ևս 5 նման սպանդանոց և պետք է նշեմ, ո ր մինչև 200 հազար դոլար առժողությամբ սարքավորումները տալիս է պետությունը, իսկ մնացած շինարարական աշխատանքները կատարում է սեփականատերը, ու սա պետության և մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

 

Նա հավելեց նաև, որ վերը նշված աշխատանքներն իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի կառավարությունից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում։ «Բացի այդ՝ հաջորդ տարվանից բակային մորթերը հնարավոր է օրենսդրորեն արգելենք և 2015թվականից խոզի մսի ինքնաբավության մակարդակը մենք պետք է հասցնենք 90 տոկոսի, որովհետև խոզի մսի առումով մեր ներքին արտադրությունը դեռևս չի կարողանում բավարարել ներքին շուկան՝ ի տարբերություն ոչխարի և տա վարի մսի»,-հավելեց նա։

 

Նա ասաց նաև, որ «ԶՕՐ» ՍՊԸ սպանդանոցի շինարարական աշխատանքներն ավարտված են և մնացել է կարգավորել տեղադրված սարքավորումները և մոտ տասը օրից սպանդանոցը շահագործման կհանձնվի:

 

Գյուղնախարարը Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց նաև Մայակովսկի գյուղում կառուցված «Յազինչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրը, որի տնօրեն Ռոբերտ Յազինչյանը հավաստեց նախարարին, որ խոզաբուծարանում ստերիլ պայմաններ են ստեղծված, մարդու և կենդանու շփումը հասցված է նվազագույնի։

 

Սրանք գերմանական նորագույն տեխնոլոգիաներ են Հայաստանում։ Ինչպես գիտեք, Հայաստանում խոզի ժանտախտ կա, որին բուժում չկա աշխարհում և միակ տեխնոլոգիան, որ կարող է պահպանել այդ հիվանդությունից, դա այս փակ համակարգն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Յազինչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրի հիմնադիր-տնօրեն Ռոբերտ Յազինչյանը և հավելեց, որ համալիրի վերջնական կառուցումից հետո 70 գլուխ խոզերի մայրական կազմը կհասցվի 120-ի, իսկ մսի արտադրանքը կհասցվի մինչև 72 տոննայի։

 

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ ծավալի ներդրումներ էր կատարվել համալիրը կառուցելու ընթացքում, Ռոբերտ Յազինչյանն ասաց հետևյալը. «Մինչև հիմա կատարվել է 650 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրում, իսկ համալիրի կառուցումը վերջնական ավարտելուց հետո այդ գումարը կարող է աճել»,-ասաց նա և հավելեց, որ համալիրում աշխատողները քիչ են, քանի որ համակարգը ավտոմատացված է և ինքնակարգավորվող։