Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի առաջին փոխվարչապետի պաշոտնն իրեն առաջարկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Սաակաշվիլին հայտարարել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ես Ուկրաինայ ի նախագահին շնորհակալություն եմ հայտնել վստահությա համար, բայց քանի որ այդ պաշտոնի ստանձնումը ենթադրում է Ուկրաինայի քաղաքացիության ընդունում, ինչի համար ես պետք է հրաժարվեի Վրաստանի քաղաքացիությունից, ես հրաժարվեցի առաջարկից»,-նշել է նա:

 

«Վրաստանում Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել անօրինական գործունեություն իրականացնելու համար: Եթե հաստատվեն այն տեղեկությունները, ըստ որոնց Սաակաշվիլին պետք է հաստատվի Ուկրաինայի առաջին փոխվարչապետի պաշտոնում, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երկու բարեկամ պետությունների հարաբերությունների վրա»,-դեկտեմբերի մեկին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Դավիթ Կերեսելիձեն:

 

Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013թ.-ի նոյեմբերի կեսերին, իր նախագահական լիազորությունների ավարտի լրանալուց մի քանի օր առաջ: Այդ ժամանակվանից նա հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և Ուկրաինայում: