Մեքսիկայի Գերերոյի նահանգի ժամանակավոր նահանգապետ Ռոխելիո Օրտեգան եռօրյա սուգ է հայտարարել ավելի քան երկու ամիս առաջ Իգուալա քաղաքում առեւանգված 43 ուսանողներից մեկի աճյունի հայտնաբերման կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Օրտեգան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Մեքսիկայի ազգային դրոշները Գերերոյի քաղաքներում կխոնարհվեն երեք օր: «Ցանկանում եմ հայտարարել, որ երեք օրով նահանգի ամբողջ տարածքում սուգ է հայտարարվում ի պատիվ եւ ի հիշատակ Ալեքսանդեր Մորա Վենանսիոյի»,- հայտարարել է նահանգապետը լռության րոպեից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 

Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլիո Կարամը հայտարարել է, որ Կոկուլա քաղաքի մերձակայքում հայտնաբերված մարդկային մնացորդները պատկանում են Իգուալայում առեւանգված 43 ուսանողներից մեկին: Նման արդյունքներ են ստացվել այն հետազոտությունների արդյունքում, որոնք Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի համալսարանի փորձագետների կողմից անցկացվել են ԴՆԹ-ի նմուշների օգնությամբ, որոնք վերցվել էին կորած Ալեքսանդեր Մորայի ծնողներից:

 

Միաժամանակ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ցավակցություն է հայտնել զոհված ուսանողի հարազատներին: Պետության ղեկավարը հավաստիացրել է, որ իշխանությունները աջակցություն կցուցաբերեն կորած ուսանողների ընտանիքներին:

 

Իգուալա քաղաքում ուսանողները ոստիկանության կողմից առեւանգվել են սեպտեմբերի վերջին եւ հանձնվել տեղի ելուզակախմբերից մեկին: Իրադարձությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ սովորողները ցանկանում էին ցույց կազմակերպել կրթության բարեփոխման դեմ: Իգուալայի նախկին քաղաքագլուխ Խոսե Լուիս Աբարկայի հրամանով նրանց վրա հարձակում է կատարվել, վեց մարդ սպանվել է տեղում, եւս 43-ը կորել են: Այդ ժամանակվանից նրանց գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:

 

Ավելի վաղ Կարամն ասում էր, որ ուսանողների կորչելու գործող ձերբակալված կասկածյալները խոստովանմել են, որ մի խումբ մարդկանց են սպանել: Նշվում է, որ նրանք մի քանի մարդու են այրել Իգուալայից ոչ հեռու գտնվող աղբանոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: