Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

 

Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին, կիսելով իր տպավորությունները, նշել է, որ անչափ տպավորված է, թե ինչպիսի խորությամբ է Հայաստանը հիշում ու վառ պահում ցեղասպանության զոհերի հիշատակը։

 

Հայոց մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչման գործում Հայաստանը պետք է վստահ լինի, որ իր կողքին ունի բարեկամ երկիր՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունը, որը պատրաստ է մշտապես աջակցել, ասել է Դանիլո Աստորին։

 

Ուրուգվայցի բաձրաստիճան հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

 

Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած պետությունն է. Ուրուգվայ, Սենատը եւ Ներկայացուցիչների պալատ այդ մասին որոշում են ընդունել 1965թ. ապրիլի 20-ին, իսկ 2004թ. մարտի 26-ին' օրենք: