ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին: Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: