ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի Սենատի նախագահ Դանիլո Աստորիին:
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ուրուգվայի հետ ձևավորված հարաբերությունները, և, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջև հազարավոր կիլոմետրեր են ընկած, Հայաստանը և Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը և նվիրվածությունը համամարդկային արժեքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ուրուգվայի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Ուրուգվայը մեծապես գնահատում և կարևորում է բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Նա նշել է, որ երկու բարեկամ երկրներն ունեն պատմական ու մշակութային շատ ընդհանրություններ: Դանիլո Աստորին կարևորել է Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը և Հայաստանի հետ փոխգործակցության խորացմանն ուղղված նրանց գործունեությունը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարվա հուլիսին ՀՀ Նախագահի՝ Ուրուգվայ կատարած պետական այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկկողմ համագործակցությանը։
Էդվարդ Նալբանդյանը հատուկ շեշտել է, որ դեռևս 1965թ-ին աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը' Ուրուգվայը սկիզբ դրեց միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին։ Նախարարը երախտագիտություն է հայտնել Մոնտեվիդեոյում Հայոց Ցեսաղպանության թանգարան հիմնելու որոշման համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Այս առումով Դանիլո Աստորին ընդգծել է, որ Ուրուգվայը շարունակելու է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։