Լիբանանի ներսում արմատական իսլամի տարածումն իրական սպառնալիք է այդ մերձավորարևելյան պետության անվտանգության համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամի՝ Le Figaro թերթին տված հարցազրույցը:
«Այս սպառնալիքն իրական է: Վերջերս «Իսլամական պետության» հետ կապ ունեցող երկու կանանց ձերբակալությունն ապացուցում է, որ իսլամիստների ցանցն ակտիվորեն գործում է: Նրանք միջնորդի դեր էին խաղում և գումար էին բաժանում»,- ասել է Լիբանանի կառավարության ղեկավարը:
Ինչպես հիշեցրել է Սալյամը, վերջին ամիսների ընթացքում Լիբանանում մի քանի խոշոր ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել: «Սակայն, իրավապահ ծառայությունները կարողացել են հաղթահարել այս վտանգը տարածաշրջանային անվտանգության ծրագրի միջոցով»,- ասել է Լիբանանի վարչապետը:
Միևնույն ժամանակ Լիբանանի վարչապետը նշել է, որ իր երկրի անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկն իսլամիստների զինված ձևավորումներն են, որոնք գործում են հարևան Սիրիայում: Նրա խոսքով՝ Լիբանանի պաշտպանության մակարդակի բարձրացումը հիմնական հարցն է լինելու Ֆրանսիա կատարելիք իր այցի ու Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ընթացքում: