Ներկայում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններն ամենալուրջ ճգնաժամն են ապրում սառը պատերազմի ժամանակներից ի վեր, ընդ որում Ռուսաստանը հանդես Է գալիս քաղաքական երկխոսության ուղիները պահպանելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններն այսօր ամենալուրջ ճգնաժամն են ապրում սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Դաշինքը շարունակում է Ռուսաստանի զսպման քաղաքականությունը, քայլեր են ձեռնարկվում ռազմական ներուժի ամրապնդման եւ Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի ռազմական ներկայությունը հետեւողականորեն ընդլայնելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը:
Նա պարզաբանել Է, որ խոսքը Ռուսաստանի հետ ռազմական եւ քաղաքացիական ուղղություններով պրակտիկ համագործակցությունը դադարեցնելու որոշման մասին Է:
«Նման գործողությունները, անտարակույս, նպաստում են լարվածության աճին, վնասում Եվրատլանտյան տարածաշրջանի կայունությանը: Չնայած դրան, անհրաժեշտ ենք համարում կապուղիները բաց պահել քաղաքական երկխոսության համար»,-ասել Է Լավրովը, հավելելով, որ ներկայում այդ խնդրի լուծմանն Է նպատակամղված ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գործունեությունը: