Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին:

 

Ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի' Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է և պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան:

 

Մեր ընտրած ճանապարհն այլևս անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները' հետևելով օրենքի տառին ու ոգուն և ստեղծելով ուժեղ իրավական պետություն: Դա է Արցախի բարգավաճման և նրա միջազգային ճանաչման, առաջադեմ հանրությանն ինտեգրվելու մեր միակ ուղին: Եվ ուրախալի է, որ աշխարհում տարեցտարի աճում է Արցախի բարեկամների թիվը, ովքեր հարգում ու գնահատում են ժողովրդավարության ուղին բռնած մեր քաղաքացիների որոշումն ու ջանքերը: Դա շարունակական գործընթաց է, որն անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին, և Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում:

 

Թանկագին արցախցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր այս կարևորագույն պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: