Միջազգային BICC կենտրոնը հրապարակել է 2014 թվականի սպառազինությունների համաշխարհային ինդեքսը (GMI), որում Հայաստանը 152 երկրների շարքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարվա ինդեքսը կազմվել է նախորդ տարվա տվյալների համեմատականի հիման վրա: Սպառազինությունների ամենաբարձր մակարդակ ունեցող եռյակի առաջին երկու հորիզոնականը զբաղեցնում են Իսրայելն ու Սինգապուրը: Տասնյակում Հայաստանին հաջորդում են Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը և Ադրբեջանը:
Զեկույցում նշվում է, որ հարևան Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում մեծացրել են սպառազինության ծախսերը: «Այս իրադրությունը վտանգավոր է: Քաղաքական դերակատարները պետք է գործի անցնեն խուսափելու հետագա լարվածությունից»,- այս փաստի առնչությամբ հայտարարել է BICC-ում հետազոտությունների իրականացման ղեկավար Քոնրադ Շեթերը:
Հարևան Թուրքիան ինդեքսում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը, Վրաստանը' 47-րդը, Իրանը' 30-րդը: Միացյալ Նահանգները ցուցակում 31-րդն է: Սպառազինությունների ինդեքսը կազմելիս հաշվի է առնվում ՀՆԱ-ում ռազմական և առողջապահական ծախսերի, ինչպես նաև ծանր զինատեսակների ու երկրի բնակչության թվի հարաբերակցությունը: Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը չորրորդն էր: