Ճանաչողական եւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՌԴ Սարատովի մարզի պատվիրակությունը, որը գլխավորում էր Սարատովի մարզի տնտեսական զարգացման եւ ներդրումային քաղաքականության հարցերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն: ՌԴ պատվի րակությանն ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ալեքսանդր Գրեչիխոն նշեց, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին վավերացված Սարատով-Գեղարքունիք համագործակցության հուշագրի շրջանակներում առաջնահերթ ուղղությունն առայժմ մնալու է տուրիզմի ոլորտը, եւ այս այցը կրում է ճանաչողական բնույթ, որի ընթացքում ռուսական կողմը կծանոթանա Գեղարքունիքի մարզի գրավչություններին, տուրիստական կազմակերպություններին, ենթակառուցվածքներին ու հնարավորություններին:

 

«Կարծում եմ, որ Սեւանա լճի գրավչությունները լիուլի բավարար են, որպեսզի տո ւրիզմի ոլորտում մեր համագործակցությունը հուսալի հեռանկար եւ շարունակություն ունենա»,- նշեց ՌԴ պատվիրակության ղեկավարը:

 

Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակության անդամները Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայրավանք եւ Նորատուսի խաչքարեր՝ մարզի պատմաճարտարապետական հուշարձաններին ծանոթանալու նպատակով:

 

Խոսրով Խլղաթյան