Ճանաչողական եռօրյա այցով Գյումրիում է ՌԴ Դոմոդեդովո քաղաքի պատվիրակությունը: Դոմոդեդովո քաղաքային շրջանի պատվիրակությունը այցի շրջանակներում կլինի Գյումրու տեսարժան վայրերում, «Պատվո բլուր»-ում, ռուսական 102-րդ ռազմաբազայում, կհանդիպի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

 

«Դամադեդովո» օդանավակայանի շուրջ ձևավորված և մոտ 45 տարվա պատմություն ունեցող երիտասարդ քաղաքի պատվիրակության առաջինն այցելեց Գյումրու քաղաքապետարան: Պատվիրակության ղեկավար, Դոմոդեդովո քաղաքային շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ ուրախությամբ նշեց, որ քաղաքում շատ են հայերը, և Գյումրու և Դոմոդեդովոյի միջև նմանությունը մեծ է:

 

«Ասել, թե ուրախ ենք, որ Գյումրիում ենք՝ քիչ է: Թեև դեռ շատ բան Գյումրիում չենք հասցրել ամբողջովին տեսնել, բայց այս քաղաքն արդեն մեզ զարմացրել է իր մշակութային ու ճարտարապետական կառույցներով: ճիշտ է' Դամադեդովոն, ի համեմատություն Գյումրու, երիտասարդ քաղաք է, բայց ունի նույն ընդհանուր գիծը. եթե ժամանակին Գյումրին՝ Ալեքսանդրապոլը զարգացել է երկաթուղու շուրջ, ապա Դամադեդովոն՝ օդանավակայանի: Այսօր էլ մեր քաղաքը բավական առաջընթաց է ապրում»,- քաղաքպետի հետ հանդիպման ժամանակ նշեց Նիկոլայ Դանիլեյկոն:

 

Նա Սամվել Բալասանյանին հրավիրեց հաջորդ տարի օգոստոսին մասնակցելու Դամադեդովոյի «Քաղաքի օր» տոնակատարությանը: «Գյումրու մասին շատ եմ լսել: Սա արտառոց քաղաք է՝ փոքրիկ քաղաքում այսքան չեմպիոններ, էլ չեմ ասում Գյումրիում ծնված Մհեր Մկրչյանի մասին, ում բոլորը գիտեն»,- նշեց պատվիրակության ղեկավարը:

 

Այցի շրջանակներում ծրագրված այցելություններից հետո, Գյումրու և Դոմոդեդովոյի միջև կկնքվի փոխհամագործակցության հուշագիր, իսկ այս ընթացքում կողմերն ավելի մանրամասն կծանոթանան այն ոլորտներին, որտեղ համագործակցությունն հնարավոր կլինի իրականացնել:

 

Արմենուհի Մխոյան