Ռուսաստանը պետք է փակի ռուս-ուկրաինական սահմանը, դա կբերի ամենակարճ ժամանակում խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ավստրալիա պետական այցի շրջանակներում կայացած մամուլÕ « ասուլիսում:
«Խնդրում եմ՝ դուրս բերեք զորքերն իմ տարածքից: Փակեք սահմանը: Եվ ես խոստանում եմ, որ եթե դուք փակեք սահմանը, ապա մեկ, երկու, երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինայում կվերահաստատվեն խաղաղությունն ու կայունությունը: Ամեն ինչ շատ պարզ է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
«Ցանկանում եմ պարզաբանել, որ Ուկրաինան պատերազմ է մղում ոչ միայն իր անկախության համար, ոչ միայն տարածքային ամբողջականության համար: Մենք պատերազմ ենք մղում ազատության, ժողովրդավարության ու խաղաղության համար»,-ընդգծել է նախագահը:
«Ողջ քաղաքակիրթ աշխարհը, Եվրամիությունը, Ավստրալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, ողջ աշխարհը Ուկրաինայի կողմից է»,- հավելել է Պորոշենկոն:
Ասուլիսին մասնակցել է նաեւ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը: Նա հավաստել է Ավստրալիայի համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ նրան օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Պորոշենկոն նաեւ հայտնել է, որ Էբոտի հետ բանակցությունների ընթացքում ինքը քննարկել է ուկրաինական ատոմակայանների համար ավստրալական ուրան գնելու հնարավորությունը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս քննարկել Ուկրաինային ավստրալական ածուխի մատակարարման հարցը:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Էբոտը հայտարարել է, որ Ավստրալիան ավելի քան 2 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի Ուկրաինայի զինված ուժերին: