Կառավարության այսօրվա նիստում՝ մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը ներկայացրեց վերջին շրջանում հայկական շուկայում տեղի ունեցող թանկացումների ուսումնասիրությունը:

 

Վերջինս նշեց, որ ուսումնասիրության համար առանձնացվել են այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դրանք այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները:

 

«Այնուհետև այդ ապրանքային շուկաներից առանձնացրել ենք այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Դրանք թվով 16-17 անուն ապրանքներ են: Խոսքը վերաբերում է շաքարավազին, հավին, հավի ձվին, ձեթին, կարագին և այլն: Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:

 

Այդ ժամանահատվածում հայկական դրամի փոխարժեքն արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով: Փոխարժեքի արժեզրկումն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է տվել ներմուծված ապրանքների գների վրա, այնուհետև գնային բարձրացումներ են եղել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում:

 

Տեղական արտադրության շուկաներից հանձնաժողովի տեսադաշտում են գտնվում կաթնամթերքի ոլորտը: Բնականաբար, փոխարժեքը կարող է անդրադառնալ նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ ներմուծվում են: Բացի այդ, ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ նվազում են, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա: Սակայն սա դեռևս վերջնական դիրքորոշում չէ: Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբ:

 

Կաթնամթերքի գները տարբեր չափերով են փոխվել: Կան որոշ տեսակներ, որ գնային փոփոխություն տեղի չի ունեցել, օրինակ, կաթը, պանիրը: Ի դեպ, ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել, խոսքը վերաբերում է երկու խոշոր արտադրողների՝ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունների մասին»,- ասաց նա: