Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ 2015 թվականին երկրի առջեւ ծառացած Է գոյատեւելու խնդիրը, զարգացման մասին խոսք չկա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«2015 թվականի խնդիրն Է՝ գոյատեւել: Ես պոպուլիզմով չեմ զբաղվի, ասելով, թե բոլորը հարուստ եւ երջանիկ են ապրելու: 2015 թվականին գոյատեւել Է հարկավոր, որպեսզի աշխատավարձերը եւ կենսաթոշակները չպակասեն, որպեսզի չմեծանա աշխատանք չունեցող քաղաքացիների թիվը»,-ասել Է Յացենյուկը՝ Ուկրաինայի խորհրդարանի՝ դեկտեմբերի 11-ի նիստում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը:

 

Նրա խոսքով՝ 2015 թվականը ծանր կլինի սոցիալական բոլոր շերտերի համար:

 

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել Է, որ առաջիկայում Ուկրաինային անհրաժեշտ Է լրացուցիչ տրամադրել 15 մլրդ դոլար՝ ի լրումն ավելի վաղ հատկացված 17 մլրդ դոլարի, որպեսզի կանխվի ֆինանսական կոլապսը: ԱՄՀ-ի հաշվարկները ցույց են տվել Ուկրաինայի տնտեսության համար վտանգի առկայությունը երկրի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

 

Ինչպես գրում Է Financial Times-ը, եթե Կիեւը լրացուցիչ միջոցներ չստանա մի քանի շաբաթվա ընթացքում, ապա Ուկրաինային հարկ կլինի զգալիորեն կրճատել իր բյուջեն կամ դեֆոլտ հայտարարել իր սուվերեն պարտային պարտավորությունների գծով:

 

Ուկրաինան քաղաքական ծանր ճգնաժամ Է ապրում, ինչն ազդում Է նրա տնտեսության եւ բյուջետային ոլորտի վրա: Փաստորեն երկիրը պարտազանցման եզրին Է: Կառավարությունը կանխատեսում Է 2014 թվականին երկրի ՀՆԱ-ի 5 տոկոս նվազում, նոյեմբերին վարչապետ Արսենի Յացենյուկը չի բացառել այդ ցուցանիշի անկումը 7 տոկոսով: Անկման այս մակարդակն Է կանխատեսում նաեւ Ուկրաինայի ազգային բանկը:

 

Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը ենթադրում Է, որ ՈՒկրաինայի ՀՆԱ-ն կկրճատվի 7 տոկոսով: Հանրապետության իշխանությունները հույս ունեն տնտեսությունը փրկել արտաքին փոխառությունների օգնությամբ: ԱՄՀ-ն արդեն հավանություն Է տվել Ուկրաինային 17 մլրդ դոլար հատկացնելուն, որից 3,2 միլիարդը տրամադրվել Է մայիսին, եւս 1,4 միլիարդ՝ սեպտեմբերի սկզբին: Ուկրաինան ԵՄ-ից խնդրել Է 2 մլրդ եվրո, որից 100 միլիոնը փոխանցվել Է մայիսին, եւս 500 միլիոնը՝ հունիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: