ՀՀ մշակույթի նախարարության 2014թ. գերակայություններից մեկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին նախապատրաստվելն է եղել: Ազգային ժողովում «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«Այս առումով ահռելի աշխատանք է կատարվել: Եվ ցանկանում եմ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել բոլոր այն մշակութային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, ստեղծագործական միություններին, որոնք հազարավոր հայտերով դիմեցին նախարարություն և արդեն պատրաստ են այն ծրագրերը, որոնք մենք 2015թ. կիրականացնենք: Սա լինելու է մեր գերակա խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:
Ներկայացնելով ծրագրերը՝ Արթուր Պողոսյանը նշեց, որ կիրկանացվի Video Armenia խորագրով ծրագիրը, որը ընդգրկելու է որքան հնարավոր է մեծ թվով երկրներ, որոնց կներկայացվեն հայկական արվեստը, ցուցահանդեսները, Հայաստանի հնարավորությունները, թատերական ներկայացումները:
«Բացի դրանից, Հայաստանում լինելու են միջազգային բնույթի մեծ միջոցառումներ, որտեղ հնարավորինս փորձելու ենք ներգրավել միջազգային հյուրերին և հանրահռչակել համամարդկային այս ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց փոխնախարարը: