Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են սփյուռքում ու հայրենիքում միության կողմից իրականացվող ազգանպաստ գործունեությանը և նախանշվող նոր ծրագրերին: Քննարկվել են նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետ համատեղ իրականացվող կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերը:
Այս առիթով Հայոց եկեղեցուն և հատկապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնին Միության կողմից շարունակ ցուցաբերվող զորակցության ու ամենայն աջակցության համար Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել ՀԲԸՄ անդամներին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել նաև Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Սեդրակյաններին' նրանց եկեղեցասեր ոգու և ազգանվեր գործունեության համար:
Այնուհետև հանդիպմանը խոսվել է ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրների և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին:
Հանդիպումից հետո Պերճ Սեդրակյանը Մայր Տաճարում մասնակցել է Ս. Պատարագի արարողությանը, որի ավարտին հոգեհանգստյան կարգ է կատարվել նաև տեր և տիկին Սեդրակյանների հոգելույս ծնողների' Հմայակ Սեդրակյանի և Նուբար Նազարյանի հոգիների խաղաղության համար: