Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու քայլերն ընթացքի մեջ են: 2015-ի առաջին ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուրուգվայի կառավարությունը տարածք կտարամադրի թանգարանի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը : «Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարվում են: Դրանց մաս պետք է կազմեն հայ համայնքի ներկայացուցիչները, Ուրուգվայի Հանրապետության Պետական համալսարանի, երկրի Զբոսաշրջության նախարարության և Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Այս քայլերը, ամենայն հավանականությամբ, կամբողջացվեն 2015 թվականի առաջին ամիսներին, և այդ ժամանակ Ուրուգվայի կառավարությունը տարածք պետք է հանձնի թանգարանի հիմնադրման համար»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Բոլիվիայի խորհրդարանի հայտարարությանը, որը դատապարտում է մոտ մեկ դար առաջ նշյալ ոճիրը գործածների ժխտողական քաղաքականությունը, Հակոբ Տաբակյանի խոսքով' դա ևս մեկ անգամ հաստատում է, որ Լատինական Ամերիկայի ազգերի մոտ գիտակից համոզում կա գործելու ի նպաստ ճշմարտության: «Հարավային Ամերիկայի տարբեր երկրների վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական ու քաղաքական խիստ ու շարունակական ճնշումներ են գործադրվում, որոնք վերջին տարիներին ավելի են սաստկացել, հատկապես, Արցախի հիմնահարցի առնչությամբ: Սակայն Բոլիվիայի ճանաչումը հստակ պատասխան է Էրդողանի, Ալիևի և նրանց իշխանությունների կողմից առաջարկված ժխտողականության և անպատժելիության դեմ»,-շեշտեց Հակոբ Տաբակյանը:

 

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես, հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների,գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև' պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայ ի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

 

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենցզորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»: