Եվրոպական երկրների տասնյակ հասարակական կազմակերպություններ միավորող «Եվրոպական հարթակ հանուն ժողովրդավար ընտրությունների» (EPDE) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

«Ադրբեջանում համակարգված ձևով խախտվում են հասարակական և քաղաքական իրավունքները, քաղաքական շարժառիթներով հետապնդվում են ժողովրդավար ակտիվիստները, հասարակական գործիչները և իրավապաշտպանները, ովքեր կեղծված գործերով քրեական պատասխանատվության են ենթարկվում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ' նշելով նաև, որ ձերբակալությունների ժամանակ քաղբանտարկյալների իրավունքները խախտվում են, նրանց տանջում են և անմարդկային վերաբերվում:

 

Կազմակերպությունը, մտահոգություն հայտնելով մի շարք գործիչների ձերբակալման առնչությամբ, Ադրբեջանի նման գործողությունները գնահատել է որպես հաշվեհարդարի դրսևորում:

 

Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Խադիջա Իսմայլովային երկրի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելու): Սակայն լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները' կատարվածը կապելով իր լրագրողական գործունեության հետ:

 

Արդեն երկար տարիներ Իսմայլովան ուսումնասիրում է ալիևյան կլանի կոռումպացված բիզնեսը: Այն բանից հետո, ինչ Ադրբեջանում ձերբակալվեցին մեծ թվով իրավապաշտպաններ, լրագրողը մասնակցում էր նրանց ցուցակները կազմելու աշխատանքներին, միջազգային հանրությանը շարունակաբար տեղեկացնում էր մարդու իրավունքների խախտումների մասին, օգնում էր քաղբանտարյալների ընտանիքներին: