Ստրասբուրգում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Սախարովի անվան պարգեւի հանձնման արարողությունը: Պարգեւը հանձնվել է Կոնգոյից բժիշկ-գինելոլոգ Դենիս Մուկվեգեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները, արարողության ժամանակ ունեցած ելույթում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Ադրբեջանին:
Անդրադառնալով Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալության խնդրին, Շուլցը հայտարարել է. «Լեյլա Յունուսը ներկայացվել էր Սախարովի անվան մրցանակի, քանի որ նա պայքարում էր մարդու իրավունքների համար եւ պաշտպանում այդ իրավունքներն Ադրբեջանում: Եվրախորհրդարանը ադրբեջանական իշխանությհուններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել անմեղ եւ հիվանդ կնոջը»:
Շուլցի խոսքով' Եվրախորհրդարանը փորձել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, սակայն, եվրախորհրդարանականների այդ նախաձեռնությունն այդպես էլ չի հաջողվել կյանքի կոչել: Մարտին Շուլցը նաեւ բողոք է հայտնել Ադրբեջանի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս թույլ չեն տվել եվրոխարհրդարանականներին մուտք գործել Ադրբեջան:
Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, հայտնի իրավապաշտպան, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսն Ադրբեջանում ձերբակալվել է 2014 թ-ի հուլիսի 30-ին: Լեյլա Յունուսն ու նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:
Լեյլա Յունուսն արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի անվան «Sergio Vieria de Mello» պարգեւին: