Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շուլցը Twitter-ի իր էջում նշել է, որ այդ ընտրությունները չեն համապատասխանել վստահելի չափանիշներին:
«Ադրբեջանում դեմոկրատիան, ազատությունն ու բազմակարծությունը խոչընդոտվում են»,- նշել է նա:
Ադրբեջանի ընդդիմադիր և դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազակերպություններ, հայտարարել է, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, և որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը և Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը: Նրանք բոլորը երկրի իշխանություններից պահանջել են նոր ընտրություններ անցկացնել:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը, որը մասնագիտացած է Եվրոպայի տարածքում ընտրությունների գնահատման գործում, պաշտոնապես հրաժարվել էր Ադրբեջանում անցկացված ընտրությունների դիտորդությունից:
Ադրբեջանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով իր հաղթելու մասին: Կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70-ը: